Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի երկարացման միջնորդության մասին որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 3-ին՝ ժամը 11։30-ին, նշել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ ներկայացված միջնորդությունն իր բնույթով ավելի խիստ էր, քան սկզբնական կալանքի միջնորդությունը։
«Խոսքը վերաբերում է իրավունքների սահմանափակման ծավալին։ Տեսակցությունների մասով ավելի խիստ միջնորդությունն էր, քան սկզբնական կալանքի միջնորդության մասին որոշումը»,- ասել է Մելիքյանը։
Փաստաբան Արսեն Բաբայանը հավելել է, որ հատուկ ակնկալիք չունի, քանի որ դատարանում տեղի ունեցողը կապ չուներ իրավաբանության հետ։
2025 թվականի դեկտեմբերի 4-ին Արշակ արքեպիսկոպոսին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։
Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 12-ին մերժել էր Մայր Աթոռի դիվանապետի կալանքի դեմ ներկայացված բողոքը:




































