Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ որոշումը որակելով «սպասելի»։
«Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքներն օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել»,- նշել է փաստաբանը։
Հոկտեմբերին Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութեր էր հրապարակել Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Տեսանյութերի տարածման առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ ավելի ուշ վերահաստատել դրանց կեղծ լինելը։
Դեկտեմբերի 4-ին Արշակ սրբազանին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։


























