ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլի օդանավակայանում վերելքից անմիջապես հետո կործանվել է MD-11 բեռնատար ինքնաթիռը, կա առնվազն 7 զոհ, հայտնել է CNN-ը:
11 մարդ տուժել է, նրանք լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել են: MD-11 ինքնաթիռը Լուիսվիլիից մեկնում էր Հոնոլուլու։ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ կործանված ինքնաթիռն արտադրվել է 34 տարի առաջ:
Հարյուրավոր հրշեջների հաջողվել է գրեթե ամբողջությամբ մարել վթարի հետևանքով առաջացած հրդեհը, այժմ աշխատում են «պաշտոնական որոնողական ցանց» ձևավորելու ուղղությամբ՝ հնարավոր զոհերին գտնելու համար, հայտնել են հրշեջ ծառայության պաշտոնյաները:
ԱՄՆ-ի Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը կղեկավարի վթարի պատճառների հետաքննությունը, հայտնել է Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը։ Ըստ օդանավակայանի պաշտոնյայի՝ առնվազն 28 մարդուց բաղկացած հետաքննող խումբը նախատեսում է ժամանել Կենտուկի այսօր:





































