ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ մարտի 10-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 9-ամյա երեխա է մահացել։
Գերատեսչությունից հայտնել են, որ երեխան Արարատի մարզի բնակիչ է եղել, մարտի 7-ից բնորոշ ցան և այլ ախտանշաններ է ունեցել։
«Մարտի 10-ին որովայնացավերի կապակցությամբ դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»։ Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը՝ հետագա հետազոտման և բուժման նպատակով։ Ճանապարհին, սակայն, նրա վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է սրտի կանգ, ինչի հետևանքով երեխային տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- մանրամասնել են նախարարությունից։
Նշվում է, որ կատարված լայնածավալ միջոցառումների արդյունքում երեխայի սրտի ռիթմը չի վերականգնվել, և 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։
«Երեխայի մահվան վերջնական պատճառը հնարավոր է պարզել միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- հավելել են նախարարությունից։
Առողջապահության նախարարության նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ ախտորոշումով բուժօգնություն ստացող երեխա է մահացել։






































