Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում են գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ 1,2 անգամ ցածր են։
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ, նշել է գերատեսչությունը:
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով նախարարությունը հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա, ամբուլատորիա կամ պատվաստումային շարժական կետեր:
Հոկտեմբերի վերջին նախարարությունից փոխանցել էին, որ կա սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը նորմալ է:






































