Տնտեսագետ Սուրեն Պարսյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ազդող հիմնական պատճառներին, բենզինի, դիզվառելիքի և հատկապես հեղուկ գազի գների վրա ազդող գործոններին, ինչպես նաև որոշ սպեկուլյացիաների հավանականությանը։
Նրա խոսքով՝ հեղուկ գազի գնի վրա էական ազդեցություն է թողնում Վերին Լարսի անցակետի փակ կամ բաց լինելը, որը սպեկուլյացիայի առիթ է տալիս։ Տնտեսագետը նշել է, որ անցակետի երբեմն փակվելու հետևանքով հեղուկ գազի գինը կարող է բարձրանալ։
«Կա մտահոգություն, որ տոների շրջանում Վերին Լարսի սահմանափակումների հետևանքով կարող են գնային փոփոխություններ լինել։ Առհասարակ մեզ մոտ ձմռանը հեղուկ գազի գները բարձրանում են»,- նշել է տնտեսագետը։
Պարսյանը հեղուկ գազի գնի ձևավորման գործոնների թվում նշել է նաև այն, որ վրացական կողմը լրացուցիչ ֆինանսական պահանջներ է դնում դրա ներկրողների վրա։
«Հեղուկ գազ ներկրողների դեպքում մոտ 800 դոլար լրացուցիչ ծախս է առաջանում յուրաքանչյուր մեքենայի հաշվով, ինչը ներքին շուկայում ազդեցություն է ունենում հեղուկ գազի գնի ձևավորման վրա»,- նշել է տնտեսագետը։
Պարսյանը հավելել է, որ ի տարբերություն հեղուկ գազի գնի շուկայի՝ դիզելի ու բենզինի շուկայում կայունություն է, քանի որ այդ տեսակները գնացքով են ներկրվում, և բգների վրա էական ազդեցություններ չեն նկատվում։
Նա նաև անդրադարձել է սննդամթերքի, հատկապես, մսամթերքի ու կաթնամթերքի թանկացումների պատճառներին։ Ըստ Պարսյանի՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների մոտավորապես 5,2% գնաճ, որը բավականին բարձր ցուցանիշ է։
«Այդ գնաճը հիմնականում ազդեցություն է թողնում սոցիալականապես խոցելի խմբերի վրա, որովհետև իրենք իրենց եկամուտների մեծ մասը ծախսում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանք գնելու համար»,- նկատել է փորձագետը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ մարդիկ այս տարի իրենց եկամուտներով ավելի քիչ ապրանք են կարողանում գնել։
Պարսյանի կարծիքով՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգի՝ հունվարի 1-ից նախատեսվող ներդրումը «նպատակային հարկ» է։
«Այսինքն, յուրաքանչյուրս ստիպված ենք լինելու մոտ 10 հազար լրացուցիչ գումար վճարել մեր աշխատավարձից։ Ինչ էլ անունը դնենք, այն նպատակային հարկ է։ Խնդիր է առաջանալու նաև այն մարդկանց համար, ովքեր արդեն մասնավոր ապահովագրական ընկերությունների ծառայություններից են օգտվում։ Մասնավորին 10 հազար է տալիս, նաև պետությանն էլ է տալու, թեպետ անհայտ է, թե պետությունը դրա դիմաց ինչ ծառայություն է մատուցելու»,- նկատել է նա։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առումով, ըստ փորձագետի, մտահոգիչ իրավիճակ է, որոնք լուծված չեն։
«Մենք պետք է ունենանք բժշկական ապահովագրություն, բայց գործընթացն այսպես չպետք է լիներ։ Առողջապահության փաթեթներ արդեն ունեցողները չպետք է տուժեն։ Անհասկանալի ու անկանխատեսելի համակարգ են ուզում ներդնել, որը մեր առողջապահական ինստիտուտները, հիմնարկները գերծանրաբեռնվելու են և լրացուցիչ հարցեր են առաջանալու արդեն նաև որակի տեսանկյունից»,- շեշտել է փորձագետը։
Վերջինս անդրադարձել է նաև էլեկտրաէներգիայի շուկային՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու համատեքստում։
«2022-ից մեր էներգետիկ շուկան ազատականացվել է, և ոչ միայն ՀԷՑ-ը, նաև այլ ընկերություններ են լիցենզիա ստացել ու մատակարարում են էլեկտրաէներգիա։ ՀԷՑ-ի բնական մենաշնորհն այդ ցանցն ունենալու և բաշխման ծառայություն մատուցելու մեջ է։ Հետևաբար, եթե ՀԷՑ-ը խնդիրներ ունեցավ, խնդիրներ են ունենալու նաև մատակարարները, որոնք օգտվում են այդ ցանցից»,- ընդգծել է նա։
ՀԷՑ-ի հետ կատարվողը, ըստ Պարսյանի, կապված է ոչ թե տնտեսական արդյունավետության բարձրացման, այլ քաղաքական հաշվարկների հետ՝ ԱԺ 2026 թվականի ընտրությունների համատեքստում։
«Գաղտնիք չէ, որ ՀԷՑ-ը մեծ թվով աշխատողներ և ցանց ունի ամբողջ հանրապետության տարածքում։ Մշտապես տարբեր իշխանությունների կողմից ՀԷՑ-ը դիտարկվել է որպես ընտրությունների վրա ազդող գործոն, և նրանք փորձում են այդ գործիքը իրենց ձեռքում ունենալ»,- հավելել է տնտեսագետը։
Պարսյանը նաև խոսել է քաղաքացիների եկամուտների հայտարարագրման ինստիտուտից և նշել, որ պետությունը «հեղինակազրկել է հայտարարագրման կարևորագույն գործընթացը և կփորձի դրան վերադառնալ 2026 թվականի ընտրություններից հետո»։
Մանրամասները՝ տեսանյութում։
























