Ադրբեջանն սկսել է տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը Հայաստանի Սոթքի ոսկու հանքի տարածքում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ յադ տեղեկությունների՝ աշխատանքների ավարտից հետո հանքը նախատեսվում է հանձնել AzerGold-ին։
Ադրբեջանական պատվիրակությունն ստուգել է հանքի տարածքը և եզրակացրել, որ Հայաստանն այժմ այնտեղ որևէ հանքարդյունաբերական կամ շահագործման աշխատանք չի իրականացնում։ Այս ստուգումը համաձայնեցվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի կողմից, որը նախագահել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։ Համաձայնությունը ձեռք է բերվել հանձնաժողովի 12-րդ նիստում՝ Գաբալայում։
Սոթքի ոսկու հանքը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախի Շահումյանի շրջանի հատման կետում։ Հանքի տարածքի մի մասը ներկայումս գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 25-ին, Արցախի Շահումյանի շրջանն անցել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Այդ ժամանակվանից ի վեր Սոթքի հանքավայրի տարածքի կեսից ավելին գտնվում է ադրբեջանական զինվորականների վերահսկողության տակ, իսկ հայկական և ադրբեջանական զինվորական դիրքերը տեղակայված են անմիջապես հանքավայրի տարածքում։
Գրիգորյանի գրասենյակից մամուլին հայտնել էին, որ դրանք տեղազննման աշխատանքներ էին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Գրասենյակից հերքել էին, որ ադրբեջանցի և հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են մի քանի օր։






































