Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված 16 պոլիկլինիկայի աշխատակից Արփինե Սողոյանն ազատվել է աշխատանքից, հայտնել է նրա դուստր, փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկից ազատել աշխատանքից, այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար»,- նշել է նա։
Աշխատանքից ազատման պատճառը ֆինանսական սղության պատճառով հաստիքի կրճատումն է, ինչն, ըստ փաստաբանի, զավեշտալի պատճառաբանություն է։
«Հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը»,- նշել է Սողոյանը։
Միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 18-ին Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, երբ Սողոյանը մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան՝ հայտարարելով, որ գործող իշխանությունները հանձնել են իր հայրենիքն ու ոչնչացրել մի ամբողջ սերունդ։ Նույն օրը Սողոյանի դուստրն Armenia Today-ին հայտնել էր, որ մորը հրահանգել են աշխատանքից ազատման դիմում գրել։





































