Հայկական կողմն ի գիտություն է ընդունել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը, սակայն դրա բովանդակությունն այնքան «սուր» չէ, որքան ներկայացնում են լրատվամիջոցները, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այդ տեղեկատվությունն ստացել ենք գործընկերներից, ընդունում ենք ի գիտություն, իրենց հետ, ըստ անհրաժեշտության, աշխատում ենք։ Բնականոն աշխատանքային հարաբերությունների մեջ ենք գտնվում, ոչինչ ավելի»,- News.am-ի հետ զրույցում նշել է նա։
Խուդաթյանի խոսքով՝ ստացված նամակի բովանդակությունն այնպիսին չէ, ինչպիսին մատուցվում է մամուլում։
«Մամուլում այդ տեղեկատվությունը շատ ավելի սուր է ներկայացվում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ լրատվամիջոցներն այս հարցում «ուղղորդվում են ընդդիմադիր շրջանակների կողմից»։
Մայիսի 28-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն Ռուսաստանից ստացել է ծանուցում նավթամթերքի մատակարարման մասին համաձայնագրի դադարեցման հնարավորության վերաբերյալ, եթե Երևանը միանա ԵՄ-ին: Ավելի ուշ Երևանը հաստատել էր ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ստանալը: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Մոսկվան կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել ՀՀ գազի, նավթամթերքի և հում ադամանդների առանց մաքսատուրքերի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի մերձեցումը ԵՄ-ին:



































