Վարկի գումարները, ընտանիքի անդամ չհանդիսացող անձանցից մինչև 1 միլիոն դրամ միանվագ վարկերը և մի շարք այլ եկամուտներ այլևս պարտադիր հայտարարագրման ենթակա չեն լինի: Կառավարությունը որոշումն ընդունել է փետրվարի 26-ի նիստում։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է պարտադիր հայտարարագրումից ազատված եկամուտների տեսակները և սահմանված շեմերը: Նրա խոսքով՝ վարկերի դեպքում բացառություններ են միայն այն դեպքերը, երբ վարկատուն ներում է պարտքը, կամ կողմերը համաձայնվում են չվճարել այն, այդ թվում՝ այն դեպքերը, երբ վաղեմության ժամկետը լրացել է։
Հայտարարագրումից ազատվում են մարզիկների և մարզիչների կողմից միջազգային մրցումներում հաղթելու համար ստացված դրամական և գույքային մրցանակները, ինչպես նաև պետական պարգևները: Ազատվում են նաև գործատուի կողմից ամսական մինչև 10 000 դրամ առողջության ապահովագրության վճարները, ինչպես նաև անհատի կամ նրա կախյալների համար վճարվող պարտադիր առողջության ապահովագրության վճարները։
Բացի այդ, մրցույթներում մինչև 50 000 դրամ դրամական և գույքային մրցանակները մեկ մասնակցի համար, ոչ առևտրային կազմակերպություններից անվճար ստացված մինչև 1 միլիոն դրամ ակտիվներն ու ծառայությունները, ինչպես նաև ժառանգությամբ կամ ընտանիքից դուրս անձանցից նվերների տեսքով ստացված մինչև 1 միլիոն դրամ գույքն ու կանխիկն ազատվում են հայտարարագրումից: Նմանապես, ընտանիքից դուրս անձանց գույքի վաճառքից ստացված մինչև 1 միլիոն դրամ եկամուտը ենթակա չէ հայտարարագրման, բացառությամբ հողի վաճառքի:
Օրինագիծը նաև պարզաբանում է, թե հայտարարագրման նպատակներով ովքեր են համարվում ընտանիքի անդամ՝ ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, երեխաները (ներառյալ՝ որդեգրված), տատիկ-պապիկները և թոռները:
Ըստ Հովհաննիսյանի՝ այս փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել հայտարարագրման ընթացակարգը, բարձրացնել թափանցիկությունը և ճշգրիտ սահմանել պարտադիր հայտարարագրման կարիք չունեցող եկամտի տեսակները: Կառավարությունն իրավունք է վերապահում ապագայում սահմանել հայտարարագրումից ազատված եկամտի նոր տեսակներ կամ շեմեր:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ժամանակ հետաքրքրվել է, թե արդյոք նոր կարգավորումները հնարավորություն կտա՞ն ավելի պարզեցնել հայտարարագիր լրացնելու կանոնները քաղաքացիների համար։ Հովհաննիսյանը պատասխանել է, որ սա շարունակությունն է այն բարեփոխման, որը հնարավորինս ինքնաշխատ պետք է դարձնի լրացման կարգը։
«Իհարկե, հասկանում ենք, որ սա որոշակիորեն սահմանափակում է մեր՝ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։ Բայց մենք կարծել ենք, որ քաղաքացիների հարմարավետությունն ու պարզությունն ավելի կարևոր են»,- նշել է նա։
ՀՀ կառավարությունը 2025-ին աշխատող համարվող քաղաքացիների համար նույնպես եկամուտների հայտարարագրման ինստիտուտ էր ներդրել։ Նախորդ տարվա հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիրը» փոփոխություններ էր առաջարկել, ըստ որի՝ աշխատավարձից բացի, այլ եկամուտ չունեցող քաղաքացիները կարող են չլրացնել հայտարարագիր, այն լրացվում է ինքնաշխատ եղանակով։





































