Մեծամորում հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագրերի հարցով գնդակը Երևանի դաշտում է, «Նոյան տապան»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա ներկայացմամբ՝ հայ գործընկերներին է փոխանցվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մանրակրկիտ մշակված և շատ նպաստավոր առաջարկների փաթեթ, որը պատրաստ է շուտափույթ իրականացնել նախագիծը։ Գործնական այլընտրանքներ՝ տեխնոլոգիաների և ֆինանսական պայմանների տեսանկյունից, այս պահին չեն երևում, նշել է դեսպանը:
Վերջինս ավելի վաղ՝ այս տարվա մայիսին, հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգաբլոկների լայն տեսականի՝ սկսած փոքր հզորության մոդուլային բլոկներից մինչև խոշոր ռեակտորներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Մոսկվայում՝ «Համաշխարհային ատոմային շաբաթ» ֆորումին, հայտարարել էր, որ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը ՀՀ իշխանությունների համար ռազմավարական առաջնահերթություն է։ Նա նշել էր, որ Երևանը մտադիր է սերտ համագործակցություն զարգացնել ԱԷՄԳ-ի և գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկը փոխարինելու օպտիմալ լուծում գտնելու համար։
Դեսպանը հարցազրույցում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ ասել է, որ դրանք այժմ բարդ փուլ են ապրում, ամրության ստուգում են անցնում աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում, որի ալիքները հասնում են նաև Հարավային Կովկաս:
«Այս մարտահրավերների հաղթահարումը երկու կողմից պահանջում է քաղաքական կամք, ռազմավարական հեռատեսություն և իմաստություն՝ պահպանելու երկկողմ փոխգործակցության մշակված զանգվածը։ Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանի կուրսը դեպի եվրոպական ինտեգրացիա իրավական հիմք ստացավ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մեկնարկի մասին» օրենքի տեսքով: Սակայն ակնհայտ է, և դա բազմիցս ընդգծվել է Ռուսաստանի ղեկավարության կողմից, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցություն հնարավոր չէ»,- ասել է նա:
Ընդ որում, ինչպես նշել է Կոպիրկինը, Եվրամիության ղեկավարները չեն թաքցնում Երևանի հետ ԵՄ հարաբերությունները Հայաստանի դաշնակից Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնելու իրենց ծրագրերի համատեքստում ընդգրկելու մտադրությունները։
ՌԴ դեսպանը հիշեցրել է, որ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, մնում է Հայաստանի առաջին առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ և պարենային անվտանգության ժամանակի փորձարկված երաշխավորը։ Իսկ ռուսական կապիտալը, նրա խոսքով, լայնորեն ներկայացված է հանրապետության տնտեսության առանցքային ճյուղերում՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, մետալուրգիայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում, բանկային ոլորտում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում և այլն:
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում փոխադարձ առևտուրը հասել է գրեթե 5 միլիարդ դոլարի:




































