Արցախի թեմի նախկին առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի պապին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների ու միջազգային ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վրա, հայտնել է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։
Պարգև արքեպիսկոպոսը շեշտել է, որ խոսքը ոչ միայն հայկական ժառանգության, այլ համաքրիստոնեական և համամարդկային արժեք ներկայացնող սրբավայրերի, եկեղեցական կոթողների, գերեզմանատների, խաչքարերի և պատմական հիշողության պահպանության մասին է։
«Առանձնակի ահազանգող է նաև այն փաստը, որ վերջին օրերին Ստեփանակերտում մեկը մյուսի հետևից հիմնահատակ ավերվել է երկու եկեղեցի՝ Սուրբ Հակոբ եկեղեցին և քաղաքի գլխավոր սրբավայրը՝ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։ Այս նոր հարվածները վկայում են, որ խոսքն այլևս ոչ թե առանձին վանդալիզմի դեպքերի, այլ հայկական քրիստոնեական հոգևոր ու պատմամշակութային ներկայության նյութական վկայությունների հետևողական և նպատակային վերացման մասին է»,- նշել է նա։
Արքեպիսկոպոսը խնդրել է՝
ա) հստակ և հրապարակային բարոյական ու իրավական գնահատական տալ հայկական եկեղեցիների, գերեզմանատների, խաչքարերի և քրիստոնեական այլ հուշարձանների շարունակվող ավերմանը,
բ) աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ իրավասու միջազգային կառույցների անհապաղ ու անարգել մուտքի պահանջին դեպի այդ սրբավայրերն ու հուշարձանները,
գ) նպաստել տարածաշրջանում հայկական կրոնական և մշակութային ժառանգության վիճակի մշտադիտարկման միջազգային կայուն մեխանիզմի ստեղծմանը,
դ) օգտագործել բոլոր հասանելի քաղաքական, դիվանագիտական, հասարակական և եկեղեցական հնարավորությունները, որպեսզի այդ ժառանգության պաշտպանության հարցը դրվի հստակ, հետևողական և արդյունավետ կերպով,
ե) ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ պաշտպանելու այն սրբությունները, որոնք դեռ կարելի է փրկել վերջնական ոչնչացումից։
Ադրբեջանը, որն Արցախն օկուպացնելուց հետո վանդալիզմի է ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը, ապրիլին ավերել էր նաև Արցախի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը:
Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով պարտավորեցրել էր Բաքվին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 23-ին հայտարարել էր, որ Ստեփանակերտի մայր տաճարի քանդման հարցը որպես միջազգային քննարկման թեմա չի դիտարկում։


























