ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ ԶՈւ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ին՝ լուսաբացին, հակառակորդն (Ադրբեջան - խմբ․) օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից, հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3., կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ:
«2021-ի մայիսի 14-16-ն ընկած ժամանակահատվածում Կարապետյանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գիտակցելով, որ չունի մարտական դիրքից զինծառայողներին հանելու հրաման տալու, յուրային մարտական դիրքը հակառակորդին հանձնելու լիազորություն, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, իր զինվորական ծառայողական գործունեության հետ կապված անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը»,- ասվում է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կարապետյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով):
Նշվում է, որ որոշում է կայացվել Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ, եզրափակել է կոմիտեն։
Հունվարին Կարապետյանը հայտարարել էր քաղաքական նոր ուժի ստեղծման մասին։ Շարժումը հիմնված է ազգ-բանակ-եկեղեցի եռամիասնության վրա և ուղղված է «պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելուն»։




































