Հայաստանի իշխանությունները պարտադիր զինվորական ծառայության կրճատումն օգտագործում են քաղաքական փիառի համար, հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված չէր անվտանգության հետ կապված մտահոգություններով, այլ հանրությանը «հաճելի» բարեփոխումներ ներկայացնելու ցանկությամբ, որը, ըստ էության, ակնհայտորեն նախընտրական բնույթ ունի։
Աբրահամյանը հիշեցրեցրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերը, որ բանակը պետք է լինի «հասարակության համար ցանկալի և հասկանալի հաստատություն, այլ ոչ թե կալանավայր»։
«Եթե ակնարկ է արվում բանակում ոչ կանոնադրական բարքերի մասին, ապա հիշեցնեմ, որ արդեն 7,5 տարի է ՔՊ-ն իշխանության է, և դա սեփական իշխանությանն ուղղված ծանր մեղադրանք է»,- գրել է նա:
Պատգամավորն ընդգծել է, որ երկրի անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը վերաբերող առաջնահերթությունները պետք է որոշվեն ոչ թե հանրային համակրանքով, այլ մարտական խնդիրների տրամաբանությամբ։
ՊՆ-ն սեպտեմբերին օրինագիծ էր առաջարկել, որով նախատեսվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մինչև 18 ամիս։ Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին օրինագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
Հոկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել էր սահմանային իրավիճակի, բանակում մահացությունների թվի նվազման, զենքի ձեռքբերման, ինչպես նաև զորակոչի կրճատման ծրագրերի մասին։ Նախարարի խոսքով՝ ցանկալի կլինի, որ բանակը գրավիչ լինի հասարակության համար և չընկալվի որպես կալանավայր։






































