Փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի գրասենյակի համակարգող Ռուբեն Մխիթարյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում պատմել է Գյումրիի համայնքապետարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որից հետո իրեն ձերբակալել էին։
«Վարդանանց հրապարակում մտել եմ երկու կողմի մեջտեղը, ոչ թե քաղաքացիների կողքը, ոչ թե ոստիկանների կողմը, այլ բառիս բուն իմաստով՝ երկուսի մեջտեղը։ Ձեռքերս բարձրացրել եմ վերև ու հանդարտության կոչ արել՝ «մի արեք», «մի հրեք», «հանգիստ» և այլն։ Երևի տևել է մոտ 15 վայրկյան ու այդ նույն պահին, երբ ձեռքերս վեր բարձրացած դիրքով կանգնած էի, ոստիկանության կողքի աշխատակիցներից մեկն ասաց՝ «սրան էլ տարեք»»,- նշել է նա։
Մխիթարյանը նաև գնահատել է արդարադատության համակարգի աշխատանքը Հայաստանում՝ շեշտելով, որ այն չի աշխատում, և առկա են բազմաթիվ խնդիրներ։ Նա նաև պատմել է «Արթիկ» ՔԿՀ-ում անցկացրած օրերի մասին, կիսվել երկամսյա կալանքի ընթացքում այնտեղ տեսածով։
Նրա խոսքով՝ «բոլորին անխտիր կալանավորելը» պետության վրա բավականին լուրջ ֆինանսական բեռ է։
«Ես ընդունում եմ, որ կան հանցագործություններ, կան գործողություններ, որոնցով, միանշանակ, անձը պետք է դատապարտվի, նույնիսկ ամենախիստ պատժով, օրենքով սահմանված կարգով, բայց ունենք գործեր, որ անիմաստ գումար ենք ծախսում»,- ընդգծել է փաստաբանը։
Որպես Գյումրիի «Մեր ձևով» գրասենյակի համակարգող՝ Մխիթարյանը պատմել է շարժման ապագա ծրագրերի մասին։ Նա մանրամասնել է, որ «Տաշիր»-ը կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրեր ունի։ Ըստ Մխիթարյանի՝ փորձում են, առաջին հերթին, վեր հանել համակարգային խնդիրները և դրանց լուծումը տարածել ամբողջ հանրապետությունում։
Նա մեկնաբանել է նաև ՀԷՑ-ի ու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, նաև հաստատել է «Մեր ձևով» շարժման դիրքորոշումը։
Մխիթարյանը շեշտել է, որ իշխանությունները փորձել են «նեղացնել» «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին, սակայն ինչպես ցույց տվեց կյանքը, արդեն վեց ամիս է՝ չի ստացվում։
«Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի (ՀՀ վարչապետ-խմբ․) տարբերությունը նրանում է, որ պարոն Կարապետյանը ցանկանում է՝ մենք լավ ապրենք, Հայաստանի Հանրապետությունը լինի պաշտպանված, եկեղեցին՝ իր տեղում։ Փաշինյանն այլ խնդիր ունի․ նրա միակ կարևորագույն խնդիրն իշխանությունը պահելն է։ Մեկն ուզում է հայրենիք փրկել, մյուսն ընդամենն ուզում է իշխանության մնալ, ուրիշ ոչ մի բան»,- հավելել է նա։
Փաստաբանի գնահատմամբ՝ Հայաստանում դատական իշխանությունը ճնշումների է ենթարկվում իշխանության կողմից։
«Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանության երեք ճյուղերը հավասար չեն։ Կա ողջամիտ կասկած, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները մի փոքր բարձր են դատական իշխանությունից։ Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշումներն անվավեր են ճանաչվում եվրոպական դատարանների կողմից և հետ են գալիս Հայաստան։ Համակարգը, մեծ հաշվով, չի աշխատում»,- նշել է Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ մեծաթիվ են դեպքերը, երբ մարդիկ երկար տարիներ գտնվում են մեկուսարանում՝ դատական գործերի երկարաձգումների պատճառով։ Մխիթարյանն ընդգծել է, որ այդ երևույթի դեմ, սակայն, պայքարելու մեխանիզմ դեռ չկա։
««Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ կալանավորների, ովքեր 4, 5, նույնիսկ 6, 7 տարի է՝ դեռ չունեն իրենց վերջնական դատական ակտը։ Մինչդեռ կալանքը պատիժ չէ, այն ժամանակահատվածն է, երբ մարդը գտնվում է կալանավայրում ու սպասում վճռին։ Մարդը կարող է տարիներով գտնվել կալանքի տակ ու վերջում պարզվի՝ ինքն այդ հանցագործությունը չի կատարել»,- նշել է փաստաբանը։
«Արթիկ» ՔԿՀ-ում իր պահման պայմանների մասին խոսելով՝ նա խնդիրների թվում նշել է վերանորոգման անհրաժեշտության, գերծանրաբեռնվածության և ազատ խցերի բացակայության մասին։
«Ազատ խցեր չկային։ Մեկ գիշերվա մեջ մահճակալներ էին ավելացնում, որովհետև գիշերվա ընթացքում մոտ 30 նոր կալանավորի էին տեղափոխել»,- հավելել է Մխիթարյանը։
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նրանք հավաքվել էին՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, որին ավելի ուշ կալանավորել էին։
Նոյեմբերի 18-ին դատարանը վերացրել էր Մխիթարյանի կալանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։



































