Իշխանությունը փորձում է 44-օրյա զոհերի թեման տեղափոխել տեխնիկական խնդիրների տիրույթ՝ նահատակների, անհետ կորածների, գերեվարվածների ծնողների ու պատերազմի տարբեր հանգամանքների և դրա պատասխանատուների վերաբերյալ խնդիրները թողնելով անպատասխան, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով զոհերի թվի վերաբերյալ իշխանությունների տարբեր հայտարարությունները։
«Իշխանությունն ընտրովի մեղավորներ է նշանակել, որոնք, բնականաբար, իր և իր առաջնորդի տիրույթից դուրս են․ քննիչ հանձնաժողովի զեկույցը բարեհաջող թաղվեց, իսկ իրական պատասխանատուները, բացի փողոցում հայտնվելուց, ամեն ինչով զբաղվում են` քաղբանտարկյալների ցուցակն ընդլայնելով, պետական շահը սակարկման առարկա դարձնելով և երկրի կենսունակությունն ապահովող ինստիտուտները քանդելով»,- հավելել է նա։
Աբրամյանը նաև նշել է, որ պատերազմից հետո բանակում առկա խնդիրները միայն վատթարանում են, այդ թվում՝ վերջերս ընդունված օրենքների պատճառով։
«Ժամկետի կրճատումով պլանավորված՝ խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը, երբ 1,5 տարով զորակոչվածների առաջին զորակոչը կզորացրվի և առկա բազմաթիվ խնդիրներն ավելի կխորանան»,- հավելել է Աբրահամյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ։ ԱԺ նախագահի խոսքով՝ նրանցից 3755-ը զինծառայող է, 78-ը՝ քաղաքացիական անձ։ Նաև անհետ կորած է 191 անձ, որոնցից 172-ը զինծառայող է, 19-ը՝ քաղաքացիական անձ։






































