«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը վերսկսել է իր արտադրական գործընթացը, հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Արարատցեմենտի» գործունեությունը դադարեցվել էր Ծառուկյանի նկատմամբ իրավապահների խուզարկությունների և նրա կալանքի ֆոնին, ինչի շրջանակում դեռ փակ են գործարարի բազմաթիվ ընկերություններ։ Ընկերության աշխատակիցները հուլիսի 9-ին բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքը։
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ կրկնել էր դեռ նախընտրական փուլում՝ ընտրություններին մասնակցող Ծառուկյանի ընկերության վերաբերյալ արված իր հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը «շուտով պետական է դառնալու»։ Նա, միևնույն ժամանակ, ակցիային մասնակցող աշխատակիցներին սպառնացել էր աշխատանքից ազատումներով, իր ձևակերպմամբ, «հակաիրավական գործողություններին» մասնակցելու դեպքում։
Նախարարությունից նշել են, որ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն է այցելել գործարան՝ ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Կառավարությունից ընկերության ղեկավարությանը խոստացել են աջակցել գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։
Նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և անընդհատ պրոցեսը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։
Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանը հայտարարել էր «Արարատցեմենտը» պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին նրան կալանավորել էին։
Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։
Կարդացեք նաև՝
Աշխատակիցները պահանջել են բացել «Արարատցեմենտ»-ը․ Փաշինյանը սպառնացել է ազատմամբ






































