ԱԺ-ն ընդունեց «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի շրջանակում ՀՀ-ից ԵՄ նաև զինված առաքելություն ուղարկելու հարցն է։
Նախագծին կողմ քվեարկեց 55, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 24 պատգամավոր։
Հարցը քննարկվեց արտահերթ նիստում, քանի որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստը, և գործադիր մարմինների ներկայացուցիչները խնդրել էին համաձայնագիրը քննարկել և համապատասխան որոշում կայացնել մինչև այդ նիստը:
Հայաստանի կողմից ԵՄ ճգնաժամային կառավարման քաղաքացիական գործողության համար գործուղված անձնակազմի, ինչպես նաև ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողության համար տրամադրված անձնակազմի և ուժերի կարգավիճակի հարցերը կարգավորվում են ուժերի կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագրով կամ առաքելության կարգավիճակի մասին համապատասխան հանաձայնագրով։
Փաստաթղթի շրջանակում նախատեսվում է Հայաստանի կողմից ԵՄ կառույց զինված առաքելություն ուղարկելու հնարավորություն։





































