Վերջին շաբաթվա ընթացքում Ինդոնեզիայում, Թաիլանդում, Վիետնամում, Մալայզիայում և Շրի Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղներն ու սողանքները խլել են առնվազն 326 մարդու կյանք, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Մասնավորապես, Ինդոնեզիայի Սումատրա կղզում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 90 մարդ։ Իշխանությունները կղզու հյուսիսում տարհանել են մոտ 6500 մարդու, իսկ հարավում՝ 12 000-ի։ Ջրի տակ են հայտնվել ավելի քան 5000 տներ և այլ շինություններ։ Վերջին չորս օրվա ընթացքում կղզում 800 մմ տեղումներ են գրանցվել։
Շրի Լանկայում աղետի հետևանքով զոհվել է առնվազն 65 մարդ, ևս 21-ն անհետ կորած է համարվում։ Առաջիկա ժամերին կղզու համար կանխատեսվում է եղանակային պայմանների վատթարացում։
Թաիլանդում զոհերի թիվը գերազանցել է 80-ը։ Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 2 մարդ, փրկարարները տարհանել են ավելի քան 34 000 մարդու։ Կենտրոնական Վիետնամում մեկ շաբաթից ավելի տևած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի։




































