Firebird ստարտափն ստացել է ԱՄՆ կառավարության հավանությունը՝ երկրում խոշոր գերհամակարգչի ստեղծման նախագծի նպատակով Nvidia չիպերը Հայաստան արտահանելու համար, հաղորդում է Bloomberg-ը:
Այս քայլը տեղավորվում է արհեստական ինտելեկտի գլոբալ ենթակառուցվածքի ընդլայնման Վաշինգտոնի ռազմավարության մեջ, ասվում է հրապարակման մեջ: Հայաստանը պատրաստվում է ստեղծել տարածաշրջանում առաջին լայնածավալ ԱԲ տվյալների կենտրոնը։ Firebird-ը կառուցում է 100 մեգավատանոց համալիր՝ 500 միլիոն դոլար նախնական ներդրմամբ և այն համալրում է Dell սերվերներով և NVIDIA-ի նորագույն Blackwell պրոցեսորներով:
Firebird-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը հայտարարել է, որ կենտրոնի առաջին փուլը կմեկնարկի հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում: Firebird տվյալների կենտրոնի հզորության մոտ 20%-ը վերապահված կլինի հայկական ընկերություններին, իսկ մնացած 80%-ը կվաճառվի տարածաշրջանում բիզնեսով զբաղվող ամերիկյան ընկերություններին:
Առաջին փուլը ֆինանսավորելու է Firebird-ի ներգրաված փոխառված միջոցների ու բաժնետիրական կապիտալի հաշվին: Հովակիմյանը հայտնել է, որ ընկերությանն աջակցում է նաև Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Firebird ընկերությունն այս տարի է սկսել աշխատանքը և ունի մոտ 25 աշխատակից:
Nvidia-ն առաջին անգամ նախագծի մասին հայտարարել էր հունիսին՝ ներկայացնելով տարածաշրջանում առաջին լայնածավալ ԱԲ կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը:






































