Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձնական բժշկին նոյեմբերի 8-ին չեն թույլատրել մուտք գործել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, հայտարարել է Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա տեղեկացրել է, որ Ղուկասյանն ունի անհապաղ և մասնագիտացված բուժման անհրաժեշտություն, որի իրավունքից 48 ժամ է՝ զրկված է։
Նշենք, որ Ղուկասյանի առողջական վիճակը վատացել էր նոյեմբերի 6-ին, նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Մեկ օր հետո՝ նոյեմբերի 7-ին, նրան կրկին տեղափոխել էին ՔԿՀ։
Փաստաբանի խոսքով, Ղուկասյանին «ՔԿՀ էին տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ ճաղավանդակներով փակված ոստիկանական մեքենայով՝ անմարդկային պայմաններում»։ Փաստաբանը նրա նկատմամբ վերաբերմունքը որակում է որպես «քաղաքական հաշվեհարդար»։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Փաստաբանները հոկտեմբերի 26-ին հայտնել էին Ղուկասյանի դեմ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նոր գործի մասին՝ Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ դաշինքի մասին նրա հայտարարությունների պատճառով։




































