Դատարանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբորորդի Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանք է կիրառել։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակներում երկու քրեական հետապնդում կա, երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- նշել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ներսիսյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով։
Այսօր ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանն Armenia Today-ին հայտնել էր, որ կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը մեկ ամսով կալանավորվել է։
Նոյեմբերի 2-ին փաստաբանը հայտնել էր, որ կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալելու որոշում է կայացվել Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։
Փաստաբանը, հիմք ընդունելով հրապարակած տեսագրությունը, նշել էր, որ նոյեմբերի 1-ին Ներսիսյանի որդուն տան դարպասի մոտ մի տղամարդ հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության ժողովին։ Ըստ Զոհրաբյանի՝ նա հրաժարվել էր, ինչից հետո զրույցին միացել էր հայրը, և կարճ խոսակցությունից հետո նրանք խաղաղությամբ բաժանվել էին։ Նրանց ձերբակալել էին նոյեմբերի 3-ին։




































