Հովհաննավանքում հոկտեմբերի 26-ին կարգալույծ Ստեփան Ասատրյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած պատարագի վերաբերյալ փաստաբան Արա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Այդ մասին փաստաբանը հայտնել է Armenia Today-ին։
Փաստաբանը տեղեկացրել է, որ Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա-խմբ.), այսպես կոչված, պատարագի մասով հաղորդումը ներկայացրել է հոկտեմբերի 27-ին։
Ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի վերաբերյալ հաղորդման հիմքերը՝ Զոհրաբյանը նշել է, որ գործադիրի ղեկավարի կազմակերպմամբ խոչընդոտվել է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը ոչ թե կարգալույծ հռչակվածի, այլ հոգևորականների կողմից ծեսի իրականացումը Հովհաննավանքում։
«Մասնավորապես, թույլ չեն տվել, որ Մայր Աթոռի հոգևորականը՝ հայր Շնորհքը, գնա պատարագի։ Դա կատարվել է ոստիկանների կազմակերպմամբ, տեղի որոշ քաղաքացիական անձանց ներգրավմամբ»,- ընդգծել է փաստաբանը։
Զոհրաբյանը հավելել է, որ այս առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության 3 հատկանիշ են արձանագրել, որոնք էլ դատախազություն դիմելու հիմք են դարձել։
«Առաջինը ՔՕ 209 հոդվածի մասին է, որով Հայ Առաքելական եկեղեցու օրինական գործունեությունը, նաև կրոնական ծեսը խոչընդոտելը հանցագործություն է։ Երկրորդը ոստիկանության ծառայողների մասով է՝ 441 հոդվածով նախատեսված արարքը, այն է՝ ծառայողական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։ Երրորդը ՔՕ 460 հոդվածն է, որը վերաբերում է ինքիրավչությանը․ այսինքն՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելը»,- շեշտել է փաստաբանը։
Նա նշել է, որ վերոնշյալ գործողություններով վնաս են հասցրել Մայր Աթոռին, խախտվել են սահմանադրական կարևոր իրավունքներ, որոնց թվում են ազատ տեղաշարժվելու և մարդու խղճի ազատության իրավունքները։
Կարգալույծ քահանայի պատարագին նախորդել էր հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքը՝ Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։
Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո կալանավորվել էր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել, բայց հրաժարվել էր ընդունել կարգավիճակը:
Փաշինյանը հոկտեմբերի 26-ի պատարագից հետո հայտարարել էր, որ նոյեմբերի 2-ին նույնպես կլինի Հովհաննավանքում՝ մասնակցելու կարգալույծ քահանայի պատարագին։ ԶԼՄ-ները գրել էին, որ Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը՝ խոչընդոտելով հոգևորականների մուտքը։
Աննա Բադալյան
Կարդացեք նաև՝






































