Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում, հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նախորդ լսումների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իրենց անհամաձայնությունն էին հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ, նշել է ընդդիմադիր պատգամավորը:
«Այն, որ Ադրբեջանն ըստ նախապես պլանավորված սցենարի ու տրամադրության է շարժվում, դա ի սկզբանե պարզ էր, սակայն կարևոր է, որ տեղում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու «դատավարությանն» ուղեկցող կեղծիքները»,- գրել է Աբրահամյանը:
Նա ընգծել է, որ Իշխանյանը նույնիսկ պահանջ է ներկայացրել դատարանին, որպեսզի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին վերագրվող գաղտնի հրամանն իրենց ներկայացվի, որովհետև այն դատին ընթերցվել է, սակայն դրա հավաստիացումն ապացուցող որևէ փաստ չկա:
Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունների` Բաքվի կեղծ դատավարության ընթացքին «անհաղորդ մնալն ազատել է Ադրբեջանի թևերը` ազատ ստեղծագործելու և կեղծիքների մի մեծ տրցակ վերագրելու» ՀՀ և Արցախի մեծ թվով պետական գործիչների, զինվորականների և ազգային ազատագրական պայքարի նվիրյալների:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, Իշխանյանը, Բաբայանը, Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը:
Հոկտեմբերի 14-ի «դատին» հրապարակվել էին 2016 և 2019 թվականներին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի կողմից տրված երեք «գաղտնի հրամաններ»։ Այդ հրամանները վերաբերում էին Արցախում դիրքերի հաստատմանը, հանրապետություն զինամթերքի մատակարարմանը և «ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանումների դիրքավորման տարածքի ընտրությանը»։






































