Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված 8 քաղաքական ուժի։
Ընտրություններին կմասնակցեն «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը (ներառյալ «Առաջ» և «ՀՅԴ» կուսակցությունները), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը։
Նշվում է, որ մինչ գրանցումը հանձնաժողովը բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։
ԿԸՀ-ն հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները։
Մայիսին Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական էր տվել, որից հետո քաղաքի ավագանին չէր կարողացել նոր քաղաքապետ ընտրել քվորումի բացակայության պատճառով, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները չէին մասնակցել նիստին:
Հունիսին կառավարությունը որոշել էր միավորել Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները Վաղարշապատ համայնքի մեջ։ Նորաստեղծ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 16-ին։ Հուլիսին կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել էր Վաղարշապատի ավագանու լիազորությունները։




































