Համացանցում տարածվել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հոգևորականների միջև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներին մասնակցելու վերաբերյալ ենթադրյալ զրույցի ձայնագրություն։ Ըստ իշխանական Civic.am կայքի՝ ձայնագրության մեջ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին հոգևորական Աղան աբեղա Երնջակյանի զրույցն է։ Armenia Today-ի խմբագրությունը նշում է, որ չունի ձայնագրության իսկության հաստատումը։
Կայքը պնդում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։
Խոսակցությունից պարզ է դառնում, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իբրև թե եկեղեցականներին հորդորել է մասնակցել Փաշինյանի դեմ ցույցերին, իսկ հրաժարվելու դեպքում՝ պատժել նրանց։
Ըստ խոսակցության՝ աբեղան սրբազանին ասում է, որ կաթողիկոսը ցույցերին մասնակցելուց հրաժարվելու համար իրեն հեռավոր Վանաձորի մի մատուռում ծառայության է կարգել, որն անհնար է, քանի որ միայնակ մայրն ու ընտանիքը հեռու կլինեն իրենից և լքել չի կարող, ինչի պատճառով հրաժարվել է հոգևոր ծառայությունից։
Ենթադրաբար՝ Նաթան արքեպիսկոպոսը փորձում է համոզել նրան մնալ ծառայության մեջ, հրավիրում հանդիպելու և զրուցելու, սակայն սպասավորը հրաժարվում է՝ ասելով, որ դիմումը կաթողիկոսին է, հենց նա պետք է զրուցի իր հետ, ու հեռանալու վերջնական որոշում է կայացրել։
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել նրա հնչեցրած հայտարարությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Կարդացեք նաև՝





































