Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության՝ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:
Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա, խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը, ձեռք էր բերել, փոխադրել և Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր ռազմամթերք։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին վճռել էր Աշոտ Մինասյանին մեղավոր ճանաչել 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել Աշոտ Մինասյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 27 օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։
Վերոնշյալ դատական ակտը բողոքարկվել էր Գլխավոր դատախազության կողմից. Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:






































