Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, խուզարկել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, Armenia Today-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նա հայտնել է, որ այս պահին Արագածոտնի թեմի առաջնորդին էլ, կարծես, ուզում են տանել քննչական։ Արթենյանը նշել է, որ այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն։
Armenia Today-ը ձերբակալության և խուզարկության վերաբերյալ հարցում է ուղարկել Քննչական կոմիտե, հարցման պատասխանը կներկայացնենք այն ստանալուց հետո։
24News-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն բերման է ենթարկել միանգամից 5 քահանայի, որոնք բոլորն էլ Արագածոտնի թեմից են: Կայքը նշել է, որ ձերբակալվել է նաև Պռոշյանը: Ավելի ուշ փաստաբան Արա Զոհրաբյանը կայքին տեղեկացրել է, որ այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Ղևոնդ, Տեր Մկրտիչ քահանաները։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարել է, որ «իրավապահների գործողությունները համակարգված ճնշում են Հայոց եկեղեցու նկատմամբ»։
«Պահանջում ենք, որ իրավապահ մարմինները բարեխղճորեն կատարեն իրենց ծառայությունը՝ ոչ թե ծառայելով քաղաքական կամ անձնական պատվերներին, այլ օրենքին, խղճին և հանրային պատասխանատվությանը։ Թող յուրաքանչյուր քննիչ, ոստիկան և պաշտոնյա հիշի․ նրանց գործն արդարությունը պաշտպանելն է, ոչ թե մեկ անհավասարակշիռ անձի կամ խմբակի ձեռքում բռնության գործիք դառնալը»,- հավելել է խորհուրդը։
Արագածոտնի թեմի առաջնորդի տան խուզարկությունը կարող է կապված լինել նույն մարզում գտնվող Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների մասով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի հետ։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը կաթողիկոս Գարեգին 2-րդի քրոջ որդին է։
Սեպտեմբերի 1-ին Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ խոսելով եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին։ Սեպտեմբերի 2-ին տեղեկացրել էր, որ սպառնալից ակնարկներով փորձել են իրեն լռեցնել։ Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Տեր Արամի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Սեպտեմբերի 12-ին Արագածոտնի թեմը հայտնել էր քահանային կարգապահական նկատողություն հայտարարելու մասին, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Նյութը թարմացվել է 11։45-ին։





































