Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ի աջակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, որը հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։
Ակցիայի մասնակիցները ձեռքում պաստառներ են պահել, որոնց վրա պատկերված են Արցախի խորհրդանիշները, Արարատ լեռը, եկեղեցին՝ վրան կարմիր խաչ ու գրված՝ «Նիկոլի խաղաղության գինը»։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ Աջապահյանին 2 տարով ազատազրկման դատապարտելու որոշումը հանցավոր է, ամբողջությամբ խախտում է «հայ ազգի վեհագույն օրենքը՝ հոգևոր դաշտը»։
Հավաքվածները պնդում են, որ իրենց ակցիան քաղաքական չէ՝ փորձելով ցույց տալ, որ հասարակությունը դեմ է այս ամենին։
«Սա թող Փաշինյանի համար դաս լինի, որ միայն քաղաքական ուժերը չեն իր դեմ, հասարակությունն էլ է դեմ»,- նշել է ակցիայի կազմակերպիչներից «Նոր Հայաստան» ՀԿ-ի նախագահ Էլեոնորա Մանանդյանը։
Ակցիայի մասնակիցներն ընդդիմությանը կոչ են արել միավորվել և միասնական ճակատով մասնակցել ընտրություններին։
«Եթե բոլոր ուժերը միավորվեն, միանշանակ՝ կհաջողեն։ Փաշինյանն այդ դեպքում նույնիսկ կվախենա մասնակցել ընտրություններին»,- ասել է Մանանդյանը։
Ակցիայի մասնակիցներն այնուհետև մեկ ժամ տևողությամբ նստացույց են սկսել՝ նշելով, որ շարունակելու են իրենց պայքարը։
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել հունիսի 26-ին: Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական:
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման: Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել այս որոշումը: Վճիռը քննադատել է նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը:


































