Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Լիալուսինն իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում և, համապատասխանաբար, երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են (ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով մեծ է ամենափոքրից), պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելիի, ինչը սովորաբար բավականին նկատելի է»,- մանրամասնել է Ազիզյանը։
Նա բացատրել է, որ լիալուսնի ճշգրիտ պահն ընկնում է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:47-ին։ Սա նշանակում է, որ ՀՀ տարածքում հոկտեմբերի 6-7-ի և հաջորդող հոկտեմբերի 7-8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար՝ Լուսնի լուսավորության և բավական ցածր ամպամածության առումով:
Ըստ Ազիզյանի՝ միայն Լոռու և Տավուշի մարզերում հոկտեմբերի 6-ին ամպամածությունը կարող է խանգարել վայելել այդ գեղեցկությունը, իսկ 7-ին պայմաններն առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար:
Գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-4 լիալուսին անընդմեջ։ Լուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերի 5-ին և դեկտեմբերի 4-ին՝ չնայած խոսքը ընդամենը 2-3% տարբերության մասին է, իսկ վերջին ձևական գերլուսինը տեղի կունենա հունվարի 3-ին, եզրափակել է նա։





































