Իսրայելի հարվածները Կատարի վրա անհանգստություն են առաջացրել թուրք պաշտոնյաների շրջանում, թե հաջորդը կարող է լինել Թուրքիան, գրում է Aljazzera-ն:
Մի քանի ամիս իսրայելցի մեկնաբանները պաշտոնական Անկարան անվանել են «Իսրայելի ամենավտանգավոր հակառակորդ»՝ ներկայացնելով նրա ներկայությունն Արևելյան Միջերկրականում և Սիրիայի վերակառուցման գործում՝ որպես սպառնալիք Իսրայելին։
ԶԼՄ-ն հիշեցրել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջերս խզել էր տնտեսական կապերն Իսրայելի հետ և նախազգուշացրել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ «Մեծ Իսրայել» նախաձեռնությունը նպատակ ունի պահել տարածաշրջանային երկրները թույլ և բաժանված։
Վերլուծաբանների խոսքով՝ Իսրայելի ռազմավարությունը՝ հարվածներ Սիրիայում, Յեմենում և այլուր, ցույց է տալիս տարածաշրջանում գերիշխանության հասնելու ձգտում, որը հակադրվում է Թուրքիայի հավակնություններին։
«Իսրայելը խորացնում է իր ռազմական ներկայությունը Կիպրոսում և նպատակաուղղված է թուրքական շահերին Սիրիայում, և փորձագետները նախազգուշացնում են, որ ապագա բախումները կարող են տեղի ունենալ ոչ բաց պատերազմով, այլ գաղտնի գործողություններով և ներկայացուցչական պատերազմներով՝ փորձելով Անկարայի վճռականությունն ու ՆԱՏՕ-ի երաշխիքները»,- գրում է պարբերականը։
Սեպտեմբերի 9-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությանը Կատարում։ Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել էին, որ հարվածն ուղղված էր շարժման բարձրագույն ղեկավարության դեմ։ Դոհայում Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները կոչ էին արել վերանայել Իսրայելի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները։






































