ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու և F-35 կործանիչների վաճառքի հարցը քննարկելու պատրաստակամության մասին։ Դրա դիմաց Վաշինգտոնն ակնկալում է, որ Անկարան կդադարի ռուսական նավթ գնել։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Էրդողանին «հարգում են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան»։
«Նա կարող էր զգալի ազդեցություն ունենալ [հակամարտության լուծման վրա-խմբ․]։ Եվ, այնուամենայնիվ, նա պահպանել է չեզոք դիրքորոշում»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Լրագրողների կողմից F-35-ի հնարավոր գործարքի մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ Էրդողանը «կարող է ստանալ այն, ինչ ուզում է», և որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կարող են վերացվել «շատ շուտով», եթե բանակցությունները հաջող լինեն։
Fox News Digital-ը մարտին գրել էր, որ Թրամփը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու և նրան F-16 կործանիչների վաճառքը վերսկսելու հարցը։
Վաշինգտոնի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանվել էին 2020-ին, երբ Անկարան ձեռք էր բերել ռուսական С-400-ներ, ինչը մտահոգություն էր առաջացրել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների մոտ: 2024-ին ԱՄՆ Կոնգրեսը չէր առարկել Թուրքիային F-16-ների վաճառքին, քանի որ Անկարան հավանություն էր տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինքին միանալուն։






































