Դանիան և Նորվեգիան գիշերը փակել են իրենց հիմնական օդանավակայանները՝ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով, հայտնում է BBC-ն:
Դանիայի ոստիկանությունը չի հստակեցրել Կոպենհագենի օդանավակայանի շուրջ նկատված անօդաչուների տեսակը կամ քանակը, սակայն երեքշաբթի առավոտյան լրագրողներին ասել է, որ դրանք, հավանաբար, շահագործվում էին «կարողունակ օպերատորի» կողմից, միաժամանակ՝ նշել, թե ոչինչ չի հուշում, որ անօդաչուները նախատեսված էին վնաս պատճառելու համար։
Ոստիկանությունը հայտնել է, որ զինված ուժերն ակտիվացվել էին: Օդանավակայանի փակման հետևանքով տուժել է շուրջ 20 000 ուղևոր ։ Flightradar24 թռիչքների հետևման կայքի տվյալներով՝ առնվազն 35 թռիչք, որոնք ուղղվում էին Կոպենհագեն, փոխել են ուղղությունը։
Նորվեգիայի ոստիկանությունը ևս հաստատել է, որ երկուշաբթի երեկոյան Օսլոյի հիմնական օդանավակայանի մոտ անօդաչու է նկատվել։ Օդանավակայանի ներկայացուցիչը հանրային հեռարձակող NRK-ին ասել է, որ այդ հատվածում օդային տարածքը փակվել է մի քանի ժամով, և բոլոր թռիչքները կուղղորդվեն մոտակա օդանավակայան։






































