Պաշտոնապես գործարկվել են Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակը և ինտերակտիվ կայքը, հայտնել է հուշարձանի նախաձեռնող, գործարար Գագիկ Ծառուկյանը։
Նա տեղեկացրել է, որ գրասենյակի և կայքի միջոցով քաղաքացիները կարող են հետևել արձանին առնչվող ամբողջ գործընթացին՝ գաղափարի ծննդից մինչև դրա կյանքի կոչումը։
Ծառուկյանը հավելել է, որ հանձնարարել է մշակել մեխանիզմներ, որ մարդիկ կարողանան մաս կազմել, ներդրում ունենալ արձանի տեղադրման պատմական գործին։ Դա, գործարարի խոսքով, կարող է լինել ծառ տնկելու, մի դույլ հող բերելու, մի քար դնելու կամ պարզապես աղոթքով ու երազանքով ինչ-որ աշխատանք կատարելու տեսքով։
«Սեպտեմբերի 26-ից սկսած՝ այդ հնարավորությունը բաց կլինի բոլորի համար։ Թող այս արձանը դառնա լույսի աշտարակ տեսանելի ամբողջ աշխարհին՝ որպես վկայություն, որ Հայաստանը կանգնած է համազգային միասնության ճանապարհին»,- եզրափակել է Ծառուկյանը։
«Ծառուկյան» հիմնադրամը 2022-ի օգոստոսին հայտարարել էր Հիսուսի արձանի աշխատանքների մեկնարկի մասին, կառավարությունը թույլտվություն էր տվել արձանը կառուցելուն: Արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել էր, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Armenia Today-ը նաև հարցում էր անցկացրել մայրաքաղաքում՝ հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն։
Սեպտեմբերի 4-ին Ծառուկյանը հայտնել էր արձանի տեղադրման աշխատանքների մեկնարկի մասին։ Սեպտեմբերի 16-ին նա տեղեկացրել էր, որ արձանն արդեն պատրաստ է և բաղկացած է 4 կտորից:





































