ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը գրառում է կատարել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
«Այսօր՝ օգոստոսի 30-ին, իմ մեծ ընկեր Բակո Սահակովիչը դառնում է 65 տարեկան։ Վաղը իմ մեկ այլ ընկերոջ՝ Ռոբերտ Սեդրակովիչի ծննդյան օրն է»,- գրել է նա։
Զատուլինը նշել է, որ բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ իր հայրը 1930-ականներին Հադրութում հրամանատարել է սահմանապահ ջոկատ՝ դրա համար ստանալով իր առաջին Կարմիր դրոշի շքանշանը։
«Ես զենք չեմ տարել Ղարաբաղ և թշնամանքի կոչ չեմ արել Ադրբեջանի նկատմամբ։ Բայց անկեղծորեն հավատացել և շարունակում եմ հավատալ, որ Լեռնային Ղարաբաղի ազատությունը, որպես դարեր շարունակ այս օրրանում ապրած հայ ժողովրդի ինքնորոշման հարկադիր միջոց, պատմական արդարության հարց է։ Ինչպես Ղրիմի վերադարձը Ռուսաստանին, որը 2014 թվականին ԼՂ-ում նշվեց որպես առանձին տոն»,- շեշտել է քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ Սահակյանը, Քոչարյանը, Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանության զոհեր են։ Զատուլինը վստահեցրել է, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, ովքեր հիշում, հարգում և համակրում են նրանց։
«Որովհետև ռուս մարդու խիղճը դա է պահանջում։ Նրանք կասեն. միայն համակրանքն ու նույնիսկ հարգանքը բավարար չեն։ Եվ նրանք ճիշտ կլինեն։ Բայց ես վստահ եմ՝ արդարության ժամանակը կգա։ Եկեք միասին ողջ մնանք՝ տեսնելու և մասնակցելու համար»,- շեշտել է նա։
Սահակյանի և մյուս հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում հունվարի 17-ին սկսվել էին դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։





































