Արտատարածաշրջանային ուժերի առկայությունը մտահոգության առիթ է տարածաշրջանի համար, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Աբդուլրահիմ Մուսավին, փոխանցում է Isna-ն։
Նրա խոսքով՝ պատմական փաստերը հաստատում են ԱՄՆ-ի բացասական դերը տարածաշրջանում։ Մուսավին շեշտել է, որ անհրաժեշտ է մշակել մտահոգությունները նվազեցնելու անհրաժեշտ մեխանիզմ։
Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ քննարկել էր Հարավային Կովկասում գործընկերության և անվտանգության զարգացմանն ուղղված հարցեր։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Օգոստոսի 29-ին Իրանի խորհրդարանում հրապարակվել էր ավելի քան 150 պատգամավորի կողմից համատեղ հայտարարություն Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակության և Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում ռիսկային նախագծերի դեմ հանդես գալու վերաբերյալ, որտեղ անհամաձայնություն էին հայտնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գաղափարին և տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխության։





































