ՀՀ և Ղրղզստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ։
Միրզոյանը ներկայացրել է ձեռքբերված պայմանավորվածությունների մանրամասները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով ստեղծվող հնարավորությունների մասով։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։






































