Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը, հայտնել է Times of Israel-ը։
Նա այդ հայտարարությունն արել է՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Ես հենց նոր դա արեցի: Ես դա արել եմ»,- նշել է նա։
Նեթանյահուն պնդել է, թե Իսրայելի խորհրդարանն ավելի վաղ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Նման բան, սակայն, չի կատարվել:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի Ադրբեջանի հետ միության խզմամբ։ Նա ընդգծել է, որ հակառակ դեպքում՝ Նեթանյահուի խոսքերը կմնան որպես միայն սեփական խախտումները մարտավարական կերպով քողարկելու փորձ:
Համբարյանը հավելել է, որ այս հայտարարությունից հետո Իսրայելը նույնպես պետք է հրապարակայնորեն ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Հայոց ցեղասպանության ժխտումից և արդարադատությանը խոչընդոտելուց:
ANCA-ի ղեկավարը հիշեցրել է նաև Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը երկար տարիներ հետաձգելու մասին։ Նա մատնանշել է, որ Իսրայելը զինել է Արցախի քրիստոնյա հայերի շրջափակումն ու ցեղասպանությունը կազմակերպած Ադրբեջանին։ Համբարյանն ընդգծել է Երուսաղեմի հայկական քրիստոնեական թաղամասին առնչվող սպառնալիքների և Գազայում միջազգային իրավունքի լուրջ ու համակարգված խախտումների մասին, որոնք համեմատելի են Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների հետ:
2024-ի հունիսին միջազգային հարցերով փորձագետ Գրիգոր Բալասանյանն Armenia Today-ին տված հարցազրույցում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը բացատրել էր «ցեղասպանության ենթարկված միակ ժողովուրդ բրենդի» որդեգրմամբ։ Նա նշել էր, որ Իսրայելը պետք է հասկանա, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ մի կերպ չի վնասի իրեն. այն չի հերքում Հոլոքոստի փաստը։
Կարդացեք նաև՝
Մահմեդական աշխարհի բարեհաճությունը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար. Բալասանյան
Իսրայելի վարչապետը քննադատել է Էրդողանին՝ Թուրքիային մեղադրելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ




































