Շուրջ երկու ամիս է՝ մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը, հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Նշվում է, որ նորոգվում են հավերժության տաճարի թեք մույթերը և վարչական մասնաշենքի տանիքը։

Ինստիտուտից հավելել են, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:
«Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթի վերականգնման աշխատանքները: Աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը՝ առաջացնելով քարաթափման վտանգ»,- մանրամասնել են ինստիտուտից՝ հավելելով, որ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր։

Թանգարան-ինստիտուտից մանրամասնել են, որ 2024-ին առաջին փուլով իրականացվել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքներ, որի շրջանակում Եղևնիների պուրակում գործարկվել էր ոռոգման կաթիլային համակարգ։































