Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է, մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային, հայտնում է Tasnim գործակալությունը։
Նա նշել է, որ «3+3» ձևաչափը նպաստում է տարածաշրջանի երկրների, հատկապես` Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը։
«3+3 մեխանիզմը Հարավային Կովկասի երկրների շրջանում վաղուց գործող մեխանիզմ է, և մի քանի հանդիպում է անցկացվել։ Դա մեխանիզմ է, որը մինչ օրս անցել է իր փորձությունը։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում տարածաշրջանից դուրս Կովկասի հարցի լուծման հետ կապված, երկրները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է պահպանել նման մեխանիզմները և ակտիվացնել դրանք տարածաշրջանային խնդիրների լուծման գործում»,- ասել է Բաղային։
2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում «3+3» հարթակի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս ձևաչափն անվանել էր հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ամենակենսունակ հարթակը, որտեղ կարելի է համաձայնության հասնել։ Նա նշել էր, որ Մոսկվան առաջարկել է օգտագործել այս հարթակը՝ հաշվի առնելով, որ «հենց այս ձևաչափով են հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի հարևանները, սակայն որոշում կայացնողը Բաքուն և Երևանն են»։
Մայիսի 3-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում հաջորդ հանդիպումները պետք է տեղի ունենան Երևանում և Բաքվում։





































