Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների կողմից ձեռք բերված համաձայնագրերն անվանել է «մեծ գործ»:
Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարողանա դիմադրել Հայաստանի տարածքով անցնող երթուղու նախագծի իրականացմանը:
Նա նշել է, որ օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է նրան համաձայնագրերի կնքման և այն փաստի կապակցությամբ, որ նա «գտել է հնարավորություններ, նստել է բանակցությունների սեղանի շուրջ, ստորագրել է նման համաձայնագիր հայերի և ադրբեջանցիների հետ»:
Լուկաշենկոն նշել է, որ գիտի, թե ինչ է «Զանգեզուրի միջանցքը»՝ հավելելով, որ այն շատ անհրաժեշտ է Ադրբեջանի տարածքի երկու մասերի միջև հաղորդակցության համար:
«Նրանք կանգնեցին և ասացին, որ մենք գրեթե կլինենք այս ամենի տերը և կվերահսկենք այն: Սա մեծ բան է: Իհարկե, իրանցիները շատ ուրախ չեն դրանից: Բայց ոչ ոք չի կարողանա դիմադրել դրան: Սա խաղաղության համաձայնագիր է, նրանք կօգնեն կառուցել այս միջանցքը Հայաստանի տարածքով, Ադրբեջանի երկու շրջանները կմիացվեն»,- ասել է նախագահը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:






































