ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրան մեղադրելով տարբեր գործընթացներում «փախչելու» մեջ:
«Հարգելի Լևոն Տեր-Պետրոսյան․ 1996-ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998-ին փախաք իշխանությունից, 2008-ին փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եվ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք և վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է Փաշինյանը։
Տեր-Պետրոսյանը, ում թիմակիցն էր Փաշինյանը 2008-ի իրադարձությունների ժամանակ, օգոստոսի 19-ին հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը վերջին շրջանում հատկապես կշտամբանքներով, «վիրավորանքներով և երբեմն գռեհիկ արտահայտություններով է պատասխանում» Հայաստանում ապաստան գտած ավելի քան 100 000 արցախցիների արդարացի պահանջներին: Առաջին նախագահը նաև քննադատել էր վարչապետի վարած քաղաքականությունը Հայ Առաքելական եկեղեցու, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Հուլիսի 22-ին ՀԱԿ նախագահը դիմել էր վարչապետին՝ կոչ անելով երկրի ներքին կայունության համար չեղարկել Վաղարշապատում նախատեսված հանրահավաքը, ազատ արձակել արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին, Կարապետյանին։




































