ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում, հայտարարել է Սպիտակ տունը։
«Ուրբաթ առավոտյան նախագահ Թրամփը կմեկնի Ալյասկայի Անքորիջ քաղաք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման», - ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Նա նշել է, որ Թրամփը վճռական է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։
Գագաթնաժողովի ձևաչափի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Լևիթը շեշտել է, որ նախատեսվում է նախագահների միջև առանձնազրույց։ Սպիտակ տունը առայժմ չի պատրաստվում այլ մանրամասներ տրամադրել, հավելել է նա։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ նախագահը հետաքրքրված է քննարկել նաև այլ թեմաներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների բարելավումը, բայց այս պահին նրա գլխավոր առաջնահերթությունը ուկրաինական հակամարտության ավարտն է։
Օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում: Օգոստոսի 12-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման համար Ալյասկայի օդային տարածքը կփակվի։




































