Գլխավոր դատախազությունը Մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաներից 670 մլն դրամ բռնագանձելու հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, Armenia Today-ին տեղեկացրել են ԳԴ-ից։
Դատախազությունից մանրամասնել են, որ օգոստոսի 11-ին Հակակոռուպցիոն դատարան են ներկայացրել պետական շահերի պաշտպանության հայց։
Այդ հայցով դատախազությունը պահանջել է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 մլն դրամը բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։
2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանում ցույցեր և բախումներ էին տեղի ունեցել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Իրադարձությունների հետևանքով զոհվել էր 10 մարդ, վիրավորվել էին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մարտի 1-ի գործը նոր փուլով իրականացվեց, ինչի արդյունքում մեղադրանքներ առաջադրվեցին այդ ժամանակ պաշտոն զբաղեցրածներին։
Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերի 13-ին որոշել էր Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը բեկանել էր Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումները։





































