Ավստրալիայի արևելյան մի շարք քաղաքներ ծածկվել են տասնամյակների ընթացքում ամենաբարձր ձյան մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իշխանություններին։
«Արևելյան Ավստրալիայի մի շարք քաղաքներ ծածկվել են տասնամյակների ընթացքում տեղացած ամենաուժեղ ձյունով, ինչի հետևանքով առաջացել են ջրհեղեղներ, էլեկտրաէներգիայի անջատումներ հազարավոր տներում, կան արգելափակված մեքենաներ», – գրել է գործակալությունը։
Նշվում է, որ շաբաթ օրը Նոր Հարավային Ուելսի հյուսիսում մինչև 40 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը տեղի չի ունեցել 1980-ականների կեսերից ի վեր։
Նոր Հարավային Ուելսի փրկարարական ծառայությունը հայտնել է, որ գրանցել է 1455 միջադեպ, ձյան պատճառով արգելափակվել է ավելի քան 100 մեքենա, փոթորկի հետևանքով վնասվել են տներ, իսկ մի շարք տարածքներում տրվել են ջրհեղեղի նախազգուշացումներ։
Գործակալությունը հայտնել է, որ տասը տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել նաև հարևան Քվինսլենդ նահանգում։ Տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։