Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության (M դասի) բռնկում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին։
«Օգոստոսի 3-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին (Երևանի ժամանակով ժամը 17։57-ին), 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից։
Կայքի հաղորդմամբ՝ ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային երկրային ֆիզիկայի ինստիտուտի Telegram ալիքը հայտնել էր, որ հանգստյան օրերին հնարավոր են M և X դասի բռնկումներ՝ Արեգակի վրա նոր ակտիվ կենտրոնների ձևավորման պատճառով։
Նշվում է, որ արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: A0.0 նվազագույն դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում մեկ քառակուսի մետրի վրա 10 նանովատ ճառագայթման հզորությանը: Հաջորդ տառին անցնելիս հզորությունը մեծանում է 10 անգամ։ Բռնկումները կարող են ուղեկցվել արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել։