ՀՀ կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է կատարել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի վերաբերյալ իր որոշման մեջ՝ երգիչ Սնուփ Դոգի փոխարեն Երևանում համերգով հանդես կգա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ Ռեփերի համերգը նախատեսված էր 2023թ.-ի սեպտեմբերին, Լոպեսի համերգը կկայանք օգոստոսի 3-ին:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ հետևողական քննարկումների արդյունքում վերջինս ներկայացրել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր աստղի անունը:
Ծրագրի իրականացման համար 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը պետբյուջեից հատկացվել էր ավելի քան 2 մլրդ 318 մլն դրամ (շուրջ 6 միլիոն դոլար)։
Լոպեսը համերգով հանդես կգա օգոստոսի օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Կառավարության որոշմամբ նաև հստակեցվել է, որ կազմակերպությունն ու արտիստի ներկայացուցիչը պայմանագիր են կնքել, որի օրինակն արդեն տրամադրվել է ԿԳՄՍ նախարարությանը։ Միջոցառման ավարտից հետո կազմակերպությունը պարտավոր է 60 օրվա ընթացքում ներկայացնել հաշվետվություն՝ ֆինանսական ծախսերի, արդյունքների, լուսանկարների, մամուլի հրապարակումների և այլ տեղեկատվության տեսքով։
Արտիստի փոփոխության, ժամկետների ճշգրտման և կազմակերպչական գործարքների առանձնահատկությունների պատճառով միջոցառման ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է մեկ անձից գնման ընթացակարգով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլին ասել էր, որ պետությունը Լոպեսի համերգի կազմակերպչական գործընթացին մասնակցություն ի սկզբանե չունի:
Ապրիլի 8-ին հայտնել էինք, որ Up All Night համաշխարհային շրջագայության շրջանակում Լոպեսն առաջին անգամ համերգ կտա Հայաստանում։
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում 2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ ռեփերի՝ Երևանում կայանալիք համերգի անցկացման համար: 2023-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով պայմանավորված:
Համերգի համար կառավարության որոշմամբ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2,3 մլրդ դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ ռեփերը գումարը չի վերադարձրել:
































