Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում կհայտարարի ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով նախաքննության ավարտ ու գործը կուղարկի դատարան, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ համակարգում իր աղբյուրներին։
Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին ասաց, որ գործը նախաքննության փուլում է, և հնարավոր չէ նախապես նշել, թե երբ այն կավարտվի։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 12-ին դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ ԱԺ-ն հավանություն էր տվել և անձեռնմխելիությունից զրկել նրան: Մարտի 28-ին Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Աղազարյանին առնչվող կաշառքի վարույթով Աշոտ Կամավոսյանի և Սլավիկ Պողոսյանի գործերն անջատվել և ուղարկվել էին Հակակոռուպցիոն դատարան։