Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ միասին կլուծեն «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Էրդողանը խոսել է օկուպացված Արցախի տարածքում անցկացվող ֆորումի ժամանակ:
«Ալիևը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրին։ Նա ցանկանում է, որ այս միջանցքը հնարավորինս կարճ ժամանակում պատրաստ լինի և ծառայի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերին։ Վստահ եմ՝ այս հարցը կլուծենք միասին»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կարող է շահավետ լինել ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի մյուս պետությունների համար։
«Հուսով ենք՝ այս ուղին կդառնա ոչ թե հակասությունների աղբյուր, այլ համաձայնության խորհրդանիշ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Հայաստանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գործընթացը, ապա կհայտնվի «տրանսպորտային և քաղաքական մեկուսացման» մեջ։ Մեկնաբանելով Ալիևի այդ և այլ հայտարարությունները՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասել էր, որ Երևանը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը:
Ըստ Բաղդասարյանի՝ պաշտոնական Երևանը Բաքվի և միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է միայն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ-ն ինքն է ապահովելու իր տարածքով անցնող ճանապարհների, բեռների, տրանսպորտային միջոցների և ուղևորների անվտանգությունը։