Բաքվի դատարանը մերժել է Sputnik-ի լրագրողներ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը, հայտնում է Sputnik Մերձավոր Արևելքը։
Խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է ուժի մեջ:
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ ՔԿ-ն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացրել Sputnik Ադրբեջանի գրասենյակում: Գերատեսչությունից պնդել էին, որ ձերբակալված լրագրողներն «իրականում ՌԴ ԱԴԾ գործակալներ են և պարբերականում աշխատել են քողարկված», որից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա էր հանձնել՝ ռուս լրագրողներ Կարտավիխին և Բելոուսովին ազատ արձակելու պահանջով: Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ ռուսական կողմին բողոք էր ներկայացվել։